Երբեմն մրսածության կամ գրիպի բարդությունների հետևանքով զարգանում է սուր բրոնխիտ:
Կարող է առաջանալ ուժեղ չոր հազ, որը մի քանի օր անց կարող է փոխվել թաց հազի` թարախային խորխով: Սուր բրոնխիտը կարող է ուղեկցվել նաև վատ ինքնազգացողությամբ և բարձր ջերմությամբ: Բրոնխիտով ավելի հեշտ է վարակվել ձմռանը, քանի որ դրա համար նպաստավոր պայմաններ են ստեղծում օդի բարձր խոնավությունը և 0°C սահմաններում տատանվող ջերմաստիճանը: Գլանակ ծխելը (կամ պասիվ ծխող լինելը) մեծացնում է վարակի հանդեպ օրգանիզմի հակվածությունը:
Բրոնխիտը ախտորոշվում է բժշկի կողմից հիվանդի ավանդական բժշկական զննության արդյունքում բրոնխներում աուսկուլտատիվ փոփոխությունների և հիվանդի անամնեզում լրացուցիչ վճռորոշ ախտանիշների, օրինակ` հազի և բարձր ջերմության հիման վրա:
Թաց հազը կարելի է մեղմացնել խորխը նոսրացնող դեղամիջոցներով: Խորհուրդ է տրվում նաև պահպանել անկողնային ռեժիմ: Սակայն ախտանիշների կրկնման, ջերմության բարձրացման և հևոցի դեպքում դիմեք բժշկի: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել բուժում հակաբիոտիկներով` բակտերիալ վարակի խորացումը կանխելու համար: